Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ

Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ շարունակել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները։
«Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան, որքան անհրաժեշտ է», – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Իրանի պետական հեռուստատեսության եթերում։
Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային հարցերի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման ու պատժամիջոցների վերացման վրա։ Երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին։
Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ իր առաջարկները Վաշինգտոնին է փոխանցել Օմանի միջոցով։
Դիվանագետը նաև չի բացառել, որ բանակցություններին կարող է միանալ նաև ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Հնարավոր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նույնպես միանա այս բանակցություններին, ինչպես նախկինում (բանակցությունների նախորդ փուլում.– խմբ.)», – ասել է Բաղային։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։
Այս պահին Ժնևում ընթանում է Օմանի միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլը:
Մեծ ստի կրկնություն են. Իրանի ԱԳՆ–ն` ԱՄՆ–ի իշխանությունների հայտարարությունների մասին