ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հետ է մղվել Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երեք անօդաչու թռչող սարքերի գրոհը:
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր մայրաքաղաքին մոտենալիս խոցված ԱԹՍ-ների մասին:
«Հետ է մղվել Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս երեք ԱԹՍ-ի հարձակում»,-գրել է Սոբյանինը Max հարթակի իր ալիքում:
Քաղաքապետը հավելել է, որ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները:
Նշենք, որ փետրվարի 22-ին հայտնի էր դարձել ութ խոցված անօդաչուների մասին, որոնք թռչում էին Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։