Իրանը լուրջ խաղացող է, և անգամ հիմա պետք է հաշվի նստել նրա հետ
Հայաստանը չի կարող չարձագանքել Իրանից եկող ազդակներին, թեկուզև այդ երկիրը գտնվում է բավական բարդ իրավիճակում։ Ռուս քաղաքական մեկնաբան Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիա հարթակի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակապի ժամանակ այսպես մեկնաբանեց Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարությունն այն մասին, որ արդեն այս տարի Հայաստանն Իրանի հետ կարող է ինչ-որ ռազմավարական համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով` պատահական չէ, որ այս հայտարարությունը հնչեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հարավային Կովկաս կատարած այցից անմիջապես հետո։
«Իրանը բավական բարդ իրավիճակում է, քանի որ չի բացառվում` ԱՄՆ-ն հարված հասցնի, և բավական ծանր բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների հետ։ Բայց Իրանը շարունակում է բավական լուրջ խաղացող լինել»,– ասաց քաղաքագետը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը ամերիկացիների հետ բանակցում է TRIPP նախագծի հարցով և Իրանի հետ բանակցություններ է վարում ռազմավարական գործընկերության շուրջ։
Արեշևը կարծում է, որ նմանօրինակ իրավիճակում միանգամայն կանխատեսելի են հայ պաշտոնյաների հակասական հայտարարությունները։
«Ռուսաստանին հակասական ազդակներ են ուղարկվում։ ԱԺ նախագահն ասում է` Ռուսաստանը տեղ չունի TRIPP նախագծում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տարածաշրջանային տրանսպորտային բոլոր նախագծերին աջակցելու համար ինքը պայմանավորվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
ՀԿԵ-ի կոնցեսիան երրորդ կողմին հանձնելու մասին հայտարարությունը տարօրինակ էր
Արեշևի խոսքով` ռուսական կողմը՝ ի դեմս փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի կոմունիկացիոն նախագծերի շուրջ բանակցություններով, բայց ակնհայտ է, որ այդ նախագծերը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն։
«Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ՀԿԵ–ի կոնցեսիան երրորդ կողմին հանձնելու մասին իր արտասովոր հայտարարությունն անելիս և Կատարը, Ղազախստանն ու Օմանը թվարկելիս մտքում ունի կամ առնվազն չի բացառում նման գործընթացի ևս երկու հնարավոր մասնակցի՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Քանի որ հասկանալի է` խոսքը և՛ նախիջևանական, և՛ թուրքական սահմանի ապաշրջափակման մասին է», - ասում է քաղաքագետը։
Իրականում Ռուսաստանը երբեք դեմ չի եղել նման նախագծերին։ Այլ հարց է, որ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին վերաբերող գործընթացներում ավելի շատ տնտեսական բաղադրիչ լիներ, քան աշխարհաքաղաքական, ապա ժամանակին արդեն կառուցված գծերը, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, կաշխատեին ողջ հզորությամբ։ Մինչդեռ ո՛չ գործող գծերը, ո՛չ էլ նախագծվածները հիմնականում չունեն կոմերցիոն առաջնահերթություններ:
Լավատես Ալիևը խոսում է 2028 թվականի մասին, բայց մինչ այդ շատ բան կարող է փոխվել
«Այժմ շատ է խոսվում ինչ-որ միասնական տարածաշրջանային տրանսպորտային կարկաս ձևավորելու մասին։ Սակայն աշխարհաքաղաքական հակասությունները չեն վերացվել։ Ավելին` դրանք օրակարգում են` չնայած հայ–ադրբեջանական հարաբերությունների որոշակի կարգավորմանը։ Բայց մենք հասկանում ենք, որ տարաբնույթ արտատարածաշրջանային խաղացողներն ու ուժերն իրենց շահերն ունեն այս կամ այն ուղու ապաշրջափակման (կամ հակառակը) հարցում», - ստեղծված իրավիճակը բացատրում է կովկասագետը։
Վերջերս ավելի ու ավելի շատ է խոսվում այն մասին, որ «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, կարող է օգտագործվել հազվագյուտ մետաղների արտահանման և տարանցման համար: Իսկ իրականում այդ նախագիծը Միջին միջանցքի մի մասն է, որը կոչված է Հարավային Կովկասի միջոցով Թուրքիային կապել Կենտրոնական Ասիայի հետ։ Արեշևը նշում է՝ փորձագետները կանխատեսում են, որ շուտով TRIPP-ը կարող է դառնալ ամերիկա-չինական, ամերիկա-իրանական կամ այլ շահերի բախման վայր:
Ըստ Արեշևի` ակնհայտ է, որ խոշոր խաղացողների միջև արդեն կան տարաձայնություններ, թեև TRIPP-ի նախագծի աշխատանքները դեռ սկզբնական փուլում են, և նույնիսկ ամենալավատեսորեն տրամադրված Իլհամ Ալիևը TRIPP-ի գործարկման ժամկետի մասին խոսելիս ամենավաղ ժամկետ նշում է 2028 թվականը։ Իսկ մինչև 2028 թվականը դեռ շատ բան կարող է տեղի ունենալ։