Սուրեն Պապիկյանն ու Ալի Լարիջանին տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

ՀՀ-ի ու Իրանի պաշտոնյաներն անդրարձել են նաև երկու երկրների շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Կարևորվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված է նախարարի հայտարարությունում:
ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև երկու երկրների շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:
Հիշեցնենք` Պապիկյանը Իրան է մեկնել պաշտոնական այցով։ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։