Հայաստանում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. նախարար

Դավիթ Խուդաթյանի խոսքով` շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Այս հայտարարությունն արել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը, ըստ որի` Երևանի որոշ հասցեներում մայիսից սահմանվելու է ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում` 6–ժամյա ռեժիմ։

««Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ժամանակացույցն ու դրա բովանդակությունը խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել կասեցնել ժամանակացույցի գործողությունը»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։

Նրա խոսքով` խնդիր է դրվել, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ջրային կոմիտեն, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրականացնեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Խուդաթյանի խոսքով` նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։
«Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»,– եզրափակել է ՏԿԵՆ նախարարը։
Հիշեցնենք` «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավոտյան հայտարարել էր, որ ջրամատակարարման ժամանակացույցը փոխվում է տասնյակհազարավոր նոր սպառողների ավելացման պատճառով: