Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի հրապարակում տեղի ունեցած պայթյունը հավաքագրման հետևանք է: Նա այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում։
«Սա, անշուշտ, դեռ լրացուցիչ աշխատանք է պահանջում, բայց հիմա արդեն պարզ է, որ սովորական դարձած առցանց հավաքագրման սխեմա է։ Մարդուն պայթուցիկ սարք են տվել, իսկ հետո հեռակառավարմամբ պայթեցրել են և՛ նրան, և՛ հարձակման ենթադրյալ օբյեկտը, տվյալ դեպքում՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներին», - ասել է նա։
Հիշեցնենք` անհայտ անձը այս գիշեր Մոսկվայի Սավյոլովսկի կայարանի հրապարակում մոտեցել է պետավտոտեսչության մեքենային, որում իրավապահներ են եղել, դրանից հետո պայթյուն է որոտացել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ սպանության փորձի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։ Քննչական կոմիտեն պարզում է ահաբեկչի և նրա հնարավոր հանցակիցների ինքնությունը։