ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Պյատիգորսկի «Պրոֆիտեքս» մեքենաշինական գործարանը փաթեթավորման սարքավորումների մատակարարման պայմանագիր է կնքել հայկական «Երեմյան Ֆարմ» ընկերության հետ։ Համաձայնագիրը կնքվել է Պյատիգորսկի պատվիրակության հայաստանյան այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությանը։
Ինչպես նշել են քաղաքապետարանից, համագործակցությունը հայկական շուկայում ընկերության աշխատանքի տրամաբանական շարունակությունն է. գործարանի սարքավորումներն արդեն շուրջ 15 տարի օգտագործվում են հանրապետության 8 արտադրական օբյեկտներում։
Պայմանագիրը ստորագրել են «Պրոֆիտեքս» գործարանի տնօրեն Յուրի Կնյազևը և «Երեմյան Ֆարմ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը։ Պայմանագրի համաձայն՝ հայկական կողմը կստանա Պյատիգորսկում մշակված և արտադրված «АДНК 19» և «АДНК 39» հոսքագծեր։
Սարքավորումները նախատեսված են տարբեր կաթնամթերքի՝ շիճուկի, կեֆիրի, խտացրած կաթի, յոգուրտների և այլ հեղուկ ու մածուկանման արտադրանքի փաթեթավորման համար։ Հոսքագծերն ապահովում են փաթեթավորման ամբողջ փուլը՝ սկսած պլաստիկ տարաների մեջ լցնելուց մինչև փայլաթիթեղով զոդում, խցանի տեղադրում և պիտակավորում։
Պյատիգորսկի պատվիրակությունը, որի կազմում եղել են պատգամավորներ, վարչակազմի ներկայացուցիչներ, գործարարներ և կրթական հաստատությունների ղեկավարներ, գլխավորել է քաղաքային դումայի նախագահ Դարյա Սամոլյանեցը։
Սամոլյանեցի խոսքով՝ պայմանագրի ստորագրումը դուրս է գալիս սովորական առևտրային գործարքի շրջանակներից և արտացոլում է Ռուսաստանի ու Հայաստանի գործարար կապերի զարգացումը։
««Պրոֆիտեքսի» և մեր հայ գործընկերների միջև կնքված պայմանագիրը ներդրում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր շարունակ կապող բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում: Նման սերտ գործարար կապերը չափազանց կարևոր են Պյատիգորսկի համար: Դրանք ցույց են տալիս, որ մեր երկրների միջև երկխոսությունը կոնկրետ բովանդակություն է ստանում», – նշել է Սամոլյանեցը։
Նա ընդգծել է, որ նման նախագծերը գործնական բովանդակություն են հաղորդում երկկողմ փոխգործակցությանը և ամրապնդում գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում։