ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իսրայելը սպառնացել է, որ հզոր հարվածներ կհասցնի Լիբանանի օբյեկտներին, եթե «Հզբոլլահ» շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«Իսրայելը միջնորդավորված փոխանցել է Լիբանանին, որ հզոր հարվածներ կհասցնի՝ որպես թիրախ ընտրելով քաղաքացիական ենթակառուցվածքը, ներառյալ օդանավակայանը, եթե «Հզբոլլահը» միջամտի ԱՄՆ-ի և Իրանի հնարավոր պատերազմին», - գրում է գործակալությունը:
Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին Ժնևում:
Փետրվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորություն:
Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ: