ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայաստանը ներկայում մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Փետրվարի 23-ին Ժնևում Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածի իր ելույթում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը հավելել է, որ ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին հավատարմության վրա։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանում համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
«Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ»,- նշել է Միրզոյանը:
Արտգործնախարարն անդրադարձել է նաև «Միջուկային զենքի չտարածման մասին» ՀՀ–ի ստորագրած պայմանագրին՝ նշելով, թե 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու այս հարցում:
«Մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։ Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։ Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին»,- շարունակել է նախարարը։
Միրզոյանը հավելել է, որ այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։