ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Թեհրանը պատերազմի չի ձգտում, սակայն ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը «թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա»: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ՀՀ իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել էր, որ Իրանի հետ կապված իրավիճակում կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում, բայց եթե երկրին պատերազմ պարտադրվի, մենք կպաշտպանվենք բոլոր ուժերով և թշնամիներին այնպիսի դաս կտանք, որը նրանք երբեք չեն մոռանա», – ասել է Նասիրզադեն:
Իրանի միջուկային խնդրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Իրանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Արաղչին բանակցություններն անվանել է կառուցողական և լուրջ։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է մշակել առանցքային սկզբունքներ, որոնց հիման վրա նրանք կաշխատեն գործարքի ուղղությամբ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 26-ին Ժնևում: