ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ամերիկյան զինված ուժերը բերված են 100– տոկոսանոց պատրաստվածության և պատրաստ են Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել ցանկացած պահի,սակայն հապաղելու պատճառներ ունի։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը։
«Այստեղ, կարծում եմ, Թրամփը իրականում փորձում է ժամանակ շահել՝ երկու ռազմավարական խնդիր լուծելու համար։ Առաջինը կայանում է նրանում, որ նա պետք է ձևավորի համապատասխան հասարակական ընկալում և աջակցություն, որի արդյունքում միայն կարողանա դիմել գործողությունների։ Նա պետք է ցույց տա, որ բանակցային բոլոր հնարավորությունները սպառված են, և այլևս հնարավոր չէ բանակցություններ վարել, ինչպես նաև առաջ մղի այն թեզը, որ Իրանը չափազանց մոտ է միջուկային զենքի ձեռքբերմանը»,-նշել է նա։
Սարգսյանն խոսքով`Թրամփի հապաղման մյուս գործոնը ներքաղաքական է։ Եթե ռազմական օպերացիան ամերիկյան բանակի կամ զինվորականների համար ունենա ծանր հետևանքներ, դա ուղիղ հարված կհասցնի Թրամփի և հանրապետականների վարկանիշին։
«Արդյունքում հանրապետականները նոյեմբերին կայանալիք ընտրություններում կարող են պարտություն կրել, և դեմոկրատները կարող են առաջ բերել իմպիչմենտի օրակարգը։ Այս պահին էլ Ներկայացուցիչների պալատում կա 3 իմպիչմենտի նախագիծ և ցանկացած խնդրի առաջացման դեպքում, նախորդ անգամվա օրինակով, որոշ հանրապետականներ կրկին կարող են միանալ իմպիչմենտին»,-ավելացրել է Սարգսյանը։
Ամերիկագետը հիշեցրել է, որ Թրամփի նախորդ նախագահության շրջանում դեմոկրատները նախաձեռնել էին իմպիչմենտի գործընթաց ձևավորելով հանրային ուժեղ ճնշում հանրապետականների նկատմամբ։ Նա նկատել է, որ 1 տասնյակ հանրապետականներ միացան իմպիչմենտին:
«Այսինքն Թրամփի թիմը դեռևս շատ բան ունի հաշվարկելու և մտածելու, սակայն ռազմական բախման հավանականությունը դեռևս շատ բարձր է»,-եզրափակել է Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, որ կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում: