ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ԱՄՆ վարչակազմը մտադիր է Չինաստանի հետ կայուն և կառուցողական հարաբերություններ կառուցել, բայց վստահություն չի տածում Պեկինի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբորգը:
«Չինաստանի նկատմամբ վարչակազմի քաղաքականությունն այն է, որ մենք ցանկանում ենք կայուն, կառուցողական հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ: Սակայն ճիշտ է նաև այն, որ մենք չենք վստահում Չինաստանին, և նրա հետ կայուն հարաբերությունների առկայությունը չի հակասում վստահության բացակայությանը», –ասել է Հելբորգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Պեկինին դիտարկում է որպես լուրջ տնտեսական մրցակից ու հակառակորդ և մտադիր է առաջ անցնել Չինաստանից՝ միաժամանակ ամրապնդելով սեփական մատակարարման շղթաներն ու տեխնոլոգիական բազան:
Հելբորգը նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է ամուր դիրքերը համաշխարհային տնտեսության մեջ, սակայն մտադիր չէ «որևէ բան որպես հաստատուն ընդունել» Պեկինի հետ ռազմավարական մրցակցության հարցում: