Զովունիում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է. ո՞վ է սպանվածը

Քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,– նշեցին դատախազությունից:

Հիշեցնենք` Զովունիում կրակոցներ են հնչել փետրվարի 17-ին` ժամը 20։30-ի սահմաններում։ Ըստ լրատվամիջոցների` կրակոցներն արձակել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, որը կարճ ժամանակ անց հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կրակոցների հետևանքով վնասվածք ստացած 31-ամյա Ռուբեն Գ.–ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ 2 օր անց մահացել է։ Ռուբեն Գ.-ն դերասանուհի և օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։