ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Բաքվում պահվող հայերի մասին

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ինստիտուցիոնալացման միջավայրը կնպաստի խնդիրների հասցեագրմանն ու լուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամբիոնից խոսել է Բաքվում մինչ օրս պահվող 19 հայերի մասին։
Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հանձնառությանը։
Նրա խոսքով՝ կառավարությունների միջև ստորագրված և նախապատրաստվող համաձայնագրերից բացի նաև «սերմեր են տնկվում երկու հասարակությունների միջև անկեղծ երկխոսության և վստահության հաստատման համար»։
«Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռ պետք է լուծվեն և անցյալի վերքերը բուժվեն, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ճանապարհը։ Սա, իհարկե, դժվար ջանք է, երբ 19 հայ ձերբակալվածներ դեռ պահվում են Բաքվում, և երբ դեռ կարիք կա լույս սփռելու անհետ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերի վրա, ինչպես նաև աղավաղված պատմական հռետորաբանության տարածման պայմաններում»,- նշեց ԱԳ նախարարը։
Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հաստատման և դրա ինստիտուցիոնալացման ճանապարհին՝ գիտակցելով, որ նման միջավայրը կնպաստի հակամարտության հետևանքով առկա խնդիրների ավելի արագ և արդյունավետ կարգավորմանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: