Գոյություն չունեցող «Աջափնյակ» կայարանի մոտ նախատեսում են բիզնես կենտրոն կառուցել

Տիգրան Ավինյանը նշեց, թե ինչ նպատակ է հետապնդում այդ ներդրումային ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի մոտ բիզնես կենտրոն կամ այլ շինություն է նախատեսվում կառուցել։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ կայարանին հարակից տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու երկփուլ մրցույթ է կայացել։
«Դիմել է 7 միջազգային կազմակերպություն, որից 2-ն են որակավորվել։ Արդեն պետք է ամբողջական առաջարկներ ներկայացնեն, վերջնաժամկետը մարտի 3-ն է։ Դրանից հետո կլինի պայմանագրերի կնքում, և ակնկալվում է, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն»,- ասաց Բաբայանը։
Նա հայտնեց, որ առաջարկվելու են որոշակի շառավղով տեղային լուծումներ, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի մշակում։ Դրանով ներդրումային փաթեթ հնարավոր կլինի ձևավորել համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով ու ներդրումային մոդելով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ փաստորեն ստանալու են որոշակի էսքիզային առաջարկ ու տեխնիկատնտեսական հիմնավորում։ Նրա խոսքով` ստացվում է, որ կայարանի հարակից տարածքում բիզնես տրամաբանությամբ շահավետ մի կառույց է լինելու, որը որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որոնք կատարվելու են կայարանի կառուցման համար։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել