ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Իրանի նկատմամբ ագրեսիան բացառում է բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հարվածները Իրանին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը։
«Արդյոք խելամի՞տ է թվում ագրեսիայի ենթարկվելը և բանակցությունները շարունակելը։ Ես կարծում եմ, որ դրանք (բանակցություններն ու ագրեսիան. խմբ.) փոխադարձաբար բացառող բաներ են», - ասել է Բաղային։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ դիտարկում է նման հնարավորությունը:
Հիշեցնենք` իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում:
Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարեց, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ նա զգուշացրեց` կարող են շատ վատ բաներ լինել, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կկայանա փետրվարի 26-ին Ժնևում: