Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, խորհրդային հետախույզ Պետրոս Պետրոսյանը

Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Կյանքի 103-րդ տարում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը հայտնեց, որ անվանի վետերանը մահացել է երեկ։ Հոգեհանգիստը կկայանա վաղը։
Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր միացել է Կարմիր բանակին, իսկ 1942 թվականից քաջաբար մարտնչել է պատերազմում։ Լինելով հրետանային դիվիզիոնի մարտկոցի հրամանատար՝ Պետրոսյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Ուկրաինայի, Մոլդովայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Չեխոսլովակիայի ազատագրման գործում։
Մարտերում նա երեք անգամ վիրավորվել է, բայց ապաքինվելուց հետո կրկին վերադարձել է շարք և հասել Բեռլին:
2014 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը, որտեղ նա պատմել է իր հետպատերազմյան հետախուզական, դիվանագիտական, հասարակական գործունեության մասին: 1959-1972 թվականներին Պետրոսյանը հետախույզ էր Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկյան մայրցամաքում։ Այդ ժամանակ էլ նա սկսեց կարգավորել հարաբերությունները Հայաստանի և սփյուռքի միջև։
Իր վաստակի համար Պետրոս Պետրոսյանն արժանացել է 100-ից ավելի պարգևների՝ «Կարմիր աստղ», «Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի» շքանշանների, «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանությանը ակտիվ մասնակցության համար», «Հետախուզությունում ակտիվ գործողությունների համար» մեդալների և այլն:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, խորհրդային հետախույզ Պետրոսյանը նշել է 102-ամյակը