ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ ԵՄ գնահատողական այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիաընկերություններում չեն հայտնաբերվել թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները չեն կրկնում 2020թ․ արձանագրվածները և հիմնականում վերաբերում են կոմիտեի թռիչքային գործունեության վարչության կողմից օդանավ շահագործողների սերտիֆիկացման և վերահսկողության գործառույթի իրականացման մասով որոշ բացերին։ Մասնավորապես, արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ։
Կոմիտեից հայտնում են, որ համակարգը նոր է ներդրվել և որակյալ աշխատանք կատարելու ադմինիստրատիվ մշակույթ ձևավորելու համար հետագա բարելավումների անհրաժեշտություն կա։
Թերությունների վերացման նպատակով կոմիտեն մշակել է ճանապարհային քարտեզ, որում ներառվում են կարժաճամկետ և երկարաժամկետ գործողություններ։
«Կոմիտեի կողմից մշակվել է ուղղիչ գործողությունների պլան և ներկայացվել ԵՄ։ Այդ թերությունների մի մասը վերացվել է կոմիտեի կողմից, իսկ մյուս մասի վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ կապված որակի ապահովման համակարգի և ադմինիստրատիվ մշակույթի բարելավման, ինչպես նաև պատշաճ սերնդափոխության ապահովման հետ»,- հայտնում են կոմիտեից։
ԵՄ կողմից արձանագրված թերությունների վերացման նպատակով ներկայում կոմիտեն վերանայում է «Ավիացիայի մասին» օրենքը, որի ընդունումից հետո կընդունվեն նաև ենթաօրենսդրական իրավական ակտեր։ Նշվում է, որ նոր պահանջների ներդրումը և հետագայում դրա ապահովումը պահանջում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների ներգրավում, ուստի կոմիտեն ներկայացրել է առավելագույն հաստիքների ավելացման վերաբերյալ առաջարկություն։
Կոմիտեից հավելում են, որ ներկայացված ուղղիչ գործողությունների պլանը նախ պետք է ընդունելի լինի ԵՄ-ի կողմից, որից հետո միայն ԵՄ-ն կվավերացնի նախատեսված և կատարված քայլերը։ Վավերացման արդյունքների հիման վրա էլ ԵՄ-ն կքննարկի և կսահմանի հաջորդ գնահատողական այցի անցկացման ժամկետները։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում էր, որ փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելքը՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվեց այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։
Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանն ու Եվրամիությունը ընդհանուր ավիացիոն համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն այդ համաձայնագրի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը:
2025 թվականի հունվարին ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ԵՄ թռիչքներ կատարելու արգելք ունեցող ավիաընկերությունների ցուցակում հայտնվելը որոշ խոչընդոտներ է ստեղծել հայկական փոխադրողների համար դեպի ԵՄ տարածք թռիչքներ իրականացնելու համար, սակայն որպես այդ խնդրի լուծում հայկական փոխադրողները դեպի ԵՄ թռիչքներ կարող են իրականացնել` օգտագործելով այլ ավիաընկերությունների օդանավեր` վերջիններիս հետ բաց վարձակալության պայմանագրեր կնքելու միջոցով։