Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի 90 մլրդ եվրո վարկը նավթի պատճառով

Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել «Բարեկամություն» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
«Քանի դեռ Ուկրաինան արգելափակում է «Բարեկամություն» նավթամուղի աշխատանքը, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել նավթի մատակարարումները Հունգարիա, Ուկրաինան հասանելիություն չի ունենա 90 միլիարդ եվրոյի ռազմական փոխառությանը»,-ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնում նավթի տարանցումը «Բարեկամություն»-ով՝ պատճառ բերելով հունվարի վերջին նավթամուղի ստացած վնասվածքները։ Հունգարիայի ԱԳ նախարարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է շինծու քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր գոյություն չունեն։
Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժին, որը քաղաքական պատճառներով չի վերականգնում ռուսական նավթի տարանցումը Հունգարիա՝ ձգտելով երկրում էներգետիկ ճգնաժամ առաջացնել և ազդել ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։