ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանում վերջին երկու տարիներին միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում խնդիրներ չկան։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Այս տարի աղ ու ավազը 2,5 անգամ շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է նաև այն բանով, որ այս տարի աննախադեպ քանակությամբ ձյուն տեղաց հանրապետությունում։ 2024 թվականին 5000 տ աղ և ավազ է օգտագործվել, իսկ 2025-ին՝ 12 000 տ։ Այն ճանապարհները, որտեղ մենք 2024 և 2025 թթ․ միջին նորոգում ենք իրականացրել կամ փոսալցման աշխատանքներ ենք արել՝ փոսեր չկան։ Այսինքն` որքան միջին նորոգումը կամ փոսալցումը թարմ է եղել, այնքան այդ փողոցներում կա՛մ չկան փոսեր, կա՛մ էլ շատ քիչ են»,- ասաց Փամբուխչյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Վաղարշյան, էրեբունի փողոցներում, Գայի պողոտայում (բացառությամբ մի հատվածի) փոսալցման աշխատանքներ են իրականացվել, ու այդ հատվածներում կարող են տեսնել, որ խնդիրներ չկան։
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տան դիմացի փողոցում փոսեր չեն առաջացել։ Փամբուխչյանը վստահեցրեց՝ աղ ու ավազ լցնող մեքենան չի տարբերակում, թե ում տան դիմացն է աշխատանքներ կատարում։
Նրա խոսքով՝ արդեն 10 000 քմ աշխատանք են իրականացրել, բայց բյուջեով նախատեսված է 200 000 քմ։ Փամբուխչյանը շեշտեց՝ դեռ շատ աշխատանք ունեն անելու. խոսքն այս դեպքում ամբողջ տարվա համար է, քանի որ փոսալցումը հստակ ժամկետ չունի։
«Առհասարակ փետրվարին փոսալցում կամ ասֆալտապատում տեղի չի ունեցել։ Շինարարները մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում են սկսում աշխատեցնել իրենց գործարանները։ Քանի որ եղանակային պայմաններից ելնելով մեծ քանակի աղ ու ավազով մշակելու պատճառով ունեցանք այս ֆորսմաժորային իրավիճակը, խնդրանքի կարգով մեկ շինարար իր գործարանը կարողացել է կրկին աշխատեցնել։ Երկու օր առաջ էլ երկրորդ գործարանն է սկսել գործել։ Մեզ համար էլ այս իրավիճակից դուրս գալը եղել է առաջնահերթություն», - ընդգծեց Փամբուխչյանը։
Օրեր առաջ բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել և ցույց էր տալիս, թե ինչպես են իրականացվում փոսալցման աշխատանքները` ասֆալտապատումից առաջ բիտում չի արվում, իսկ դրանից առաջ այդ հատվածները չեն փոշիազերծվում։
«Բիտումի խնդիր չունենք, բայց հատվածներ կան, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում խնդրին։ Երեկ երեկոյան Շինբարեկարգման վարչության աշխատակիցները պարզել են, որ Վարդանանց փողոցում փոսալցումն արվել է առանց բիտումի։ Հայտնում եմ, որ այդ ասֆալտը քանդվելու է, ընդ որում` շինարարի հաշվին։ Քաղաքապետարանը գումար չի ծախսելու։ Պետք է այդ հատվածում ստանանք այն փոսալցումը, որը նախատեսված է ավագանու որոշումներով և մեր ընթացակարգերով։ Նման դեպքերը և՛ մենք ենք արձանագրում, և՛ երբեմն լրագրողներն են օգնում այդ հարցում, երբ մեր աշխատակիցները չեն հասցնում ֆիքսել»,- նշեց Փամբուխչյանը։
Հարցին՝ ինչու են տենդերները հայտարարվում բիտումային էմուլսիայով, ոչ թե հենց բիտումով, պաշտոնյան պատասխանեց՝ դրանց մեջ որևէ տարբերություն չկա։ Ընդգծեց, որ բիտումային էմուլսիան նույնպես շինարարության մեջ ընդունելի տարբերակ է, ու 70 աստիճան տաքություն է պահանջվում, իսկ բիտումի դեպքում՝ 160 աստիճան։
Հիշեցնենք, որ ձյան տեղումներից հետո Երևանի փողոցներում բազմաթիվ փոսեր են առաջացել։ Սոցցանցերում մարդիկ տեսանյութեր են հրապարակում ու բողոքում, որ փոսերի հետևանքով վնասվում են իրենց ավտոմեքենաները։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փետրվարի 16-ին հայտարարեց, որ ամսի 13-ից սկսել են փոսալցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց տեսալուսանկարահանել բոլոր աշխատանքներն ու հետո զեկուցել, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչ է արվել և որքան։