ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ամերիկյան կողմը ուրանի հարստացման ամբողջական դադարեցում չի պահանջել:
«Այն ենթադրությունները, որոնք դուք հնչեցրիք, սխալ են: Այժմ մենք աշխատում ենք միմյանց հետ։ Երկու կողմերն էլ։ Մենք ոչ մի դադարեցում չենք առաջարկել, և ամերիկյան կողմը չի պահանջել զրոյացնել հարստացումը», - ասել է նա MSNBC հեռուստաալիքով հեռարձակվող ամերիկյան հայտնի «Morning Joe» ծրագրի շրջանակում։
Հաղորդավարը նախարարին կրկին հարցրել է. «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը հստակ հասկանա` ձեր դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգները չպահանջի՞ հարստացման մշտական կասեցում»։
Արաղչին հստակեցրել է, որ այժմ ամերիկյան կողմի հետ քննարկումներ են ընթանում, թե ինչպես ապահովել, որ Իրանի միջուկային ծրագիրը, ներառյալ հարստացումը խաղաղ բնույթ կրի և ընդմիշտ մնա խաղաղ:
Նա ընդգծել է, որ եթե իր երկրի ժողովրդի հետ խոսեն հարգանքի լեզվով, ապա իրենք նույն կերպ կպատասխանեն:
«ԱՄՆ–ի ժողովուրդը Իրանի թշնամին չէ, սակայն իրանական կողմն ամերիկյան կառավարության քաղաքականությունը դիտարկում է որպես թշնամական։ Երբ այդ թշնամանքը դադարի, հնարավոր է` այդ ժամանակ մենք կարողանանք մտածել այլ տեսակի հարաբերությունների մասին», - հավելել է նա։
Նախարարը խոսել է իրենց միջուկային ծրագրի առանձնահատկության մասին։
«Մեր օբյեկտների վրա լայնածավալ հարձակումներ են եղել, մեր գիտնականներին սպանել են, բայց ծրագիրը ոչնչացնել չեն կարողացել։ Ինչո՞ւ։ Որովհետև այս ծրագիրը մշակվել է մեր և մեր գիտնականների կողմից: Այդ տեխնոլոգիան մեզ է պատկանում, և այն հնարավոր չէ ոչնչացնել ռմբակոծություններով կամ ռազմական գործողություններով», - ասել է նա ամերիկացի լրագրողին։
Արաղչին խնդրի լուծման միակ ճանապարհը համարում է դիվանագիտությունը։