ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,– նշեց Սարգսյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դրանք կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետ, որի հետևանքով կա 1 զոհ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքով մեկ անձի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում` սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը վիրահատության ժամանակ մահացել է, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։