Զննություն է արվում Գագիկ Ծառուկյանի տարածքներում․ ըստ փաստաբանի՝ գործը նրա հետ կապ չունի

Գործը հարուցվել է դեռևս 2020թ․-ին և վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Իրավապահները զննություն են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
Պաշտպանն ընդգծեց, որ գործը Ծառուկյանի հետ առնչություն չունի, այն նախաձեռնվել է դեռևս 2020 թ․-ին, վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։
«Գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել մի շարք հողատարածքներ զննելու, այդ թվում՝ նաև պարոն Ծառուկյանին պատկանող։ Զննությունը կատարվում է փորձագետների միջոցով, կարծում եմ՝ մոտակա 30 րոպեի ընթացքում արդեն կավարտվի»,- նշեց Խաչատրյանը։
Նա հավելեց՝ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող գործողությունները ենթադրում են որոշակի չափային տվյալներ, լուսանկարներ՝ փորձաքննության իրականացման համար։ Շեշտեց՝ այս գործով Գագիկ Ծառուկյանը որևէ կարգավիճակ չունի։
Հիշեցնենք՝ 2020թ․ հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց։