ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասի ուղղիչ գաղութներից մեկում գաղտնի ահաբեկչական խմբավորման գործունեություն է կանխվել։ Այս մասին հայտնել են Դաշնային քրեակատարողական ծառայությունը և ՌԴ ԱԴԾ–ն։
Նրանց տվյալներով՝ թիվ 7 ուղղիչ գաղութում պատիժ կրող դատապարտյալների խումբը ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորում է ստեղծել՝ դրա գաղափարախոսությունը տարածելու նպատակով։
ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի և ԴՔԾ–ի համատեղ գործողություններով կանխվել է գաղտնի կառույցի յոթ անդամների գործունեությունը։ Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում խմբի կազմակերպիչներն ու հիմնական անդամները ձերբակալվել են Դաղստանում, Անդրբայկալյան և Կրասնոդարի երկրամասերում, ինչպես նաև Վոլգոգրադի մարզում։
Անդրբայկալյան երկրամասի գծով ՌԴ ՔԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական խմբավորման կազմակերպման և դրան մասնակցելու հոդվածով։ Կազմակերպիչներին լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար։
Այժմ քննչական գործողություններ են իրականացվում ձերբակալվածների հնարավոր այլ ապօրինի գործունեությունը բացահայտելու համար։