«Քարֆուրի» հրուշակեղեններից 2-ի արտադրությունը կասեցվել է

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայի «Քարֆուր» ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի և անվտանգության տեսչական մարմինը:
«Նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք»,- ասված է հաղորդագրությունում:
«Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշում հայտնաբերվել է մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է:
Տնտեսվարողը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: