ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի խնդիրն է պայմաններ ապահովել, որպեսզի Իրանն ու և ԱՄՆ-ն համաձայնագիր կնքեն առանց ուժ կիրառելու։ Այս մասին հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին:
«ՄԱԳԱՏԷ-ն, լինելով միջազգային կազմակերպություն, չի կարող լինել որևէ ռազմական պլանների մաս։ Իմ աշխատանքն ավելի շատ կապված է խաղաղության և միջազգային անվտանգության հետ։ Իմ ջանքերն ուղղված են այնպիսի պայմանների ապահովմանը, որոնք թույլ կտան նրանց հասնել իրենց նպատակներին առանց ուժի կիրառման», – ասել է Գրոսին «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ իր երկիրը քննարկել է ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր դերը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, Թեհրանը կշարունակի խորհրդակցությունները կազմակերպության հետ:
Իրանական միջուկային խնդրի շուրջ իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը (Օմանի միջնորդությամբ) տեղի է ունեցել փետրվարի 17-ին Ժնևում: Բանակցություններից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կաշխատեն այն տեքստերի վրա, որոնք կարող են դրվել հնարավոր պայմանավորվածության հիմքում: