ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան նամակով տեղեկացրել են Եվրահանձնաժողովին, որ կօգտվեն ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հնարավորությունից ու ռուսական նավթ կպատվիրեն ծովային ճանապարհով, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումներն անհնար են Կիևի գործողությունների պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել Ռուսաստանից ծովային ճանապարհով նավթի տարանցումը՝ համաձայն խողովակաշարային նավթի մատակարարման վերաբերյալ ԵՄ պատժամիջոցներից ազատվելու հետ կապված Բուդապեշտի և Բրատիսլավայի ստացած թույլատվության։
«Այսօր, Սլովակիայի արտգործնախարարի հետ միասին, մենք նամակով հայտարարել ենք Եվրահանձնաժողովին, որ Հունգարիան և Սլովակիան կօգտվեն ԵՄ որոշումով ընձեռնված հնարավորությունից, որի համաձայն և՛ Հունգարիան, և՛ Սլովակիան կարող են ռուսական նավթ ներմուծել ծովային ճանապարհով մինչև խողովակաշարային մատակարարումների վերականգնումը», – Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
Նախարարը նշել է, որ ԵՄ այս որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար, հունգարական MOL ընկերությունն էլ արդեն անհրաժեշտ քանակությամբ նավթ է պատվիրել ծովային փոխադրման համար։
«Տրանսպորտային երթուղին կառուցվում է, ուստի ծովով գնված ծավալները կարող են Հունգարիա հասնել մարտի կեսերին», – պարզաբանել է Սիյարտոն։
Ինչպես հաղորդել էր հունգարական Mandiner պորտալը, Ուկրաինայի իշխանությունները չեն վերսկսում նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ պատճառաբանելով հունվարի վերջին խողովակաշարի վնասումը։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը փետրվարի 13-ին նշել էր, որ Կիևը դա անում է հորինված քաղաքական պատճառներով, քանի որ տեխնիկական հիմքեր չկան։
Փետրվարի 18–ին Սիյարտոն հայտարարել էր, որ Հունգարիան դադարեցրել է դիզելի մատակարարումը Ուկրաինային։ Նրա խոսքով՝ դա արվել է ի պատասխան Կիևի շանտաժի, որը քաղաքական պատճառներով չի վերսկսում Հունգարիա ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ փորձելով էներգետիկ ճգնաժամ առաջացնել երկրում և ազդել խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք տեղի են ունենալու ապրիլի 12-ին։