Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել

Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, տարածված է Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Հայաստանում «չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Դեպքն արձանագրվել է փետրվարի 18-ին։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Կենտրոնից հայտնում են, որ վերջին ժամանակահատվածում «չիկունգունիա տենդի» բռնկումներ են արձանագրվել Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-12 օր է, հիմնական ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Մարդուց մարդուն չի փոխանցվում, հատուկ բուժում չունի։ Վարակի դեմ պատվաստանյութ կա, բայց այն չի ստացել լայն կիրառում։ Ռիսկի խմբերն են քրոնիկ հիվանդություններ ունեցողները և տարեց մարդիկ, ինչպես նաև հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և վարակվածների շրջանում կազմում են մոտավոր 0.1%(հիմնականում տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք)։
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք է հաստատվել
Կենտրոնից հայտնում են, որ վարակվելու հավանական ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հակամիջատային ցանցեր, կրել փակ, երկար հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր։
Ապահովության համար նշված երկրներից վերադառնալիս վերը նշված ախտանշանների դեպքում ճանապարհորդները պետք է դիմեն վարակաբանի։