ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Փետրվարի 20-22-ը Երևանում ռուսական կինոյի փառատոն կանցկացվի։ Ինչպես հայտնում է ՌԴ պետական «Ռոսկինո» կազմակերպությունը, փառատոնը կանցկացվի Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն «Մոսկվա» կինոթատրոնում։
«Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Երևանում ռուսական ֆիլմերի ցուցադրությունները բարի ավանդույթ են դարձել, որը ևս մեկ քայլ է մշակութային համագործակցության ամրապնդման և հետագա ստեղծագործական փոխգործակցության համար», - առաջիկա փառատոնի կապակցությամբ ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:
Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը։
Բոլոր ֆիլմերը նկարահանվել են 2025 թվականին)։ Ծրագրում ներառվել են նաև «Ամուսնուդ բարև» կատակերգական մելոդրաման (ռեժիսոր` Անտոն Մասլով), «Առաջինը Օլիմպոսում» ֆիլմը (ռեժիսոր` Արտյոմ Միխալկով)՝ օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին, «Բժիշկ Դինոզավրովը» մուլտֆիլմը (ռեժիսոր՝ Մաքսիմ Վոլկով), «Հյուսիսային բևեռ» արկածային ֆիլմը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտտ)՝ խորհրդային նավաստիների մասին, որոնք պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային բևեռ հասան ատոմային սուզանավով։