ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտում է Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված «դատավճիռը» և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան: «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը և անձամբ գլխավոր գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը հայտարարություն են տարածել։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է»,- ասված է «Ավրորայի» հայտարարությունում։
Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած վճիռը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլև անասելի ցավ նրա ընտանիքի համար, որն այս ամբողջ ընթացքում անցնելով այս ծանր փորձության միջով՝ բախվել է հսկայական դժվարությունների։
«Ռուբենի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն և մարդկայնության հանդեպ անսասան հավատ։ Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների և անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության և պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։