Պատմության, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումն անթույլատրելի է։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:
ՀՀ դեսպանի խոսքով՝ դա ցանկացած երկրի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շատ հզոր տարր է, երբ ստիպում ես վերաշարադրել պատմությունը:
Մոսկվայում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ ծանոթացել են ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական թանգարանի թարմացված ցուցադրությանը: Նրանք ուշադրություն են դարձրել այն փաստին, որ այսօր որոշ քաղաքական գործիչներ փորձում են նորովի մեկնաբանել անցյալի իրադարձությունները:
Էքսկուրսիայի ընթացքում ներկայացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական փուլերը՝ մարտական գործողությունների առաջին օրերից մինչև հաղթանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Խորհրդային Միության ժողովուրդների ավանդին։