ԵԱՏՄ-ից ավելի քան 2 հազար անուն ապրանք Իրան է մտնում առանց սահմանափակումների. Ցիվիլյով

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 13,1%-ով՝ հասնելով 4,8 միլիարդ դոլարի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ է տվել առանց սահմանափակումների Թեհրանին մատակարարել ավելի քան 2 հազար տարբեր ապրանքատեսակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Ցիվիլյովը։
Ցիվիլյովի խոսքով՝ փետրվարի 18-ին կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում Ռուսաստանն ու Իրանը կքննարկեն առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Նրա կարծիքով՝ երկու երկրների պաշտոնյաների ընդհանուր խնդիրն է ապահովել բիզնեսի և պետական մարմինների կապերի առավելագույն արդյունավետությունը, աջակցել ապրանքաշրջանառության կայուն աճին՝ հասնելով առավել մեծ դիվերսիֆիկացման։
«Այս գործընթացին նոր ազդակ է հաղորդում Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև նախորդ տարի ուժի մեջ մտած ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրի շնորհիվ վերացվել են Իրան մատակարարման սահմանափակումները ավելի քան 2 հազար անուն ապրանքների համար։ Դրանց թվում են հրուշակեղենը, ալյուրը, թեթև արդյունաբերության արտադրանքը, մեքենաների և սարքավորումների առանձին տեսակներ»,-ասել է Ցիվիլյովը։
Ըստ նրա տվյալների՝ Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-նոյեմբերին աճել է 13,1%-ով՝ կազմելով 4,8 մլրդ դոլար։