Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը 45-ամյա տղամարդ է․ ՆԳՆ մանրամասներ է հայտնել

Աջափնյակի այն հատվածը, որտեղ կրակոցներ են հնչել
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մահացած անձը 45-ամյա Ա․Վ․-ն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին, ժամը 15։00-ի սահմաններում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգի և ատրճանակի կրակոցների հետքեր, ինչպես նաև դանակ, արնանման հետքեր։
«Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է եղել և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։ Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը»,- ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունից ընդգծում են, որ այժմ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։
Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը մահացել է, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ մյուս երեքինը՝ ծանր։
Կրակոցներն այնքան ուժեղ էին, որ դաշտում խաղացող երեխաները վախից փախան. Աջափնյակի բնակիչ