Վանեցյանի և Ծառուկյանի միջև բանակցություն է սկսվել․ ընտրություններին միասի՞ն կմասնակցեն

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը. Արխիվային լուսանկար
Օրեր առաջ «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է Գագիկ Ծառուկյանի հետ միասին ընտրություններին մասնակցելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև բանակցություններ են սկսվել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Չնայած իշխանությունը փորձում է քարոզչական վակուում առաջացնել՝ տպավորություն ստեղծելով, թե միայն իրենք են ու իրենց սարերը, քաղաքական դաշտն ամայի է, ընդդիմությունն էլ՝ մեռած, սակայն այս օրերին ընդդիմադիր դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, բանակցություններ»,- գրում է թերթը։
Հիշեցնում են, որ փետրվարի 15-ին «Մայր Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
Նույն ձևաչափով մասնակցելու մասին հայտարարել է նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ իր հիմնած «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը քաղաքական, հանրային Նոյյան տապան է լինելու, քանի որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակից միայնակ փրկվել հնարավոր չէ։ Նա վստահեցրել էր, որ ծրագրի շուրջ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկները, լուծումները։ Ծառուկյանի խոսքով` պետք է ստեղծել պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, որտեղ հարգի են գիտելիքը, սկզբունքները, մարդկային որակները և պատրաստակամությունը՝ թեկուզ անձնապես տուժել, բայց օգնել երկրին։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի մասին նա հայտարարել էր դեռ ամիսներ առաջ՝ համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։