Սաթիկ Սեյրանյանը դատի է տվել Պետրոս Ղազարյանին․ պահանջում է հերքում և 1 մլն դրամ հատուցում

Սաթիկ Սեյրանյան. Արխիվային լուսանկար
Ըստ դատական հայցի՝ Ղազարյանի գրառումը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Սեյրանյանը պահանջում է, որ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքի հունվարի 14-ին կատարված հրապարակումը, որը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ։
«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը, Սաթիկ Սեյրանյանը, նրա սանջակ 24 նյուզը, Միկա Բադալյանը, Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։ Վստահ եմ` նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»,- գրել էր Ղազարյանը։
Սաթիկ Սեյրանյանը ոչ միայն պահանջում է հրապարակայնորեն հերքել իր հասցեին ասված խոսքերը, այլև որպես զրպարտության համար փոխհատուցում Պետրոս Ղազարյանից բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ։