ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել։
«Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որից հետո ոտքի չի կանգնի։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը ուղարկել ծովի հատակը»,- Խամենեիի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքի համար, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության գալ։
Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են 2018 թվականին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո։ Հաջորդ տարիներին կողմերը բազմիցս կոշտ հայտարարություններ են փոխանակել, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանը դարձել է բարձր ռազմական ակտիվության գոտի։
Թեհրանը հետևողականորեն հայտարարում է իր շահերը պաշտպանելու և պաշտպանական ներուժը, ներառյալ հրթիռային ծրագրերն ու ռազմածովային ուժերը զարգացնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ն իր հերթին պահպանում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում և պարբերաբար լրացուցիչ ուժեր է ուղարկում՝ դա բացատրելով դաշնակիցների անվտանգության և նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությամբ։