ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Եթե Հայաստանում մոդուլային ատոմակայանները սկսեն գործել, կրկնակի կթանկանա արևային կայանների տեղադրման արժեքը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը` ներկայացնելով իրենց մասնագետների հաշվարկները։
«Ուղղակի տեղի է ունենում խաբեություն` կապված մոդուլային ատոմակայնների վերաբերյալ վերջին ամերիկյան խոստումների հետ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ԱՄՆ–ում 2023 թ. տրվել է առաջին լիցենզիան մոդուլային ատոմակայան նախագծելու և կառուցելու, սակայն շինարարությունը կանգնեցվել է, քանի որ պարզվել է` իրականությունը նախագծից ավելի թանկ է ստացվում»,– նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով` ոչ մեկը չի ասում, որ մոդուլային ատոմակայանը վատ բան է, ուղղակի չկա կառուցված որևէ օրինակ, որպեսզի ըստ այդմ հասկանալի լինի` դա լա՞վ բան է, թե՞ ոչ։
Ղազինյանի ունեցած տեղեկություններով` աշխարհում դեռ չկա որևէ մոդուլային ատոմակայան, որը միացված լինի ցանցին։
«Կա ռուսական մի տարբերակ, որն աշխատում է ինքնավար։ Ուզում եմ ասել` սա նոր գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, ու նոր միայն մենք մտնենք այդ պարտքի տակ։ Եվ, ամենակարևորը, ոչ մեկը չի խոսում ինքնարժեքի մասին. մեր հաշվարկներով` եթե վճարվի այդ 9 մլրդ դոլարը, որից 5 մլրդ դոլարը` ատոմակայանի համար, 4 մլրդ դոլարը` սպասարկման համար, ինքնարժեքը լինելու է 60–80 դրամ։ Ստացվում է` այդ ատոմակայանը կա՛մ կկառուցվի ու չի աշխատի, քանի որ ինքնարժեքը թանկ է, կա՛մ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը թանկացվի (կամ պետբյուջեից սուբսիդավորվի` թաքուն կամ պաշտոնական ճանապարհներով)»,– նշեց Ղազինյանը։
Նրա ունեցած տվյալներով` 2026 թ. էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանար, սակայն մինչև ԱԺ ընտրությունները ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի սակագինը մնա նույնը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։