ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները կանցկացվեն Ժնևում փետրվարի 17-18-ը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հանդիպման մեկնարկի հստակ ժամը համաձայնեցվում է տեղում։
«Նրանք տեղում են որոշում», – նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նա ընդգծել է, որ բանակցություններին ԶԼՄ–ների ներկայացուցիչները հասանելիություն չեն ունենա։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է Պեսկովը, առաջին օրվանից հետո հրատապ հայտարարությունների սպասել պետք չէ։
«Չեմ կարծում, որ այսօր որևէ նորություն պետք է սպասել, քանի որ նախատեսվում է, որ աշխատանքները կշարունակվեն նաև վաղը», – ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովը մեկնաբանել է նաև Հունգարիա ռուսական նավթի մատակարարման հետ կապված իրավիճակը։ Նրա խոսքով՝ Մոսկվան էներգետիկ ճնշման նշաններ է արձանագրում Ուկրաինայի կողմից։
«Տեսնում ենք, որ ԵՄ անդամ Հունգարիայի հասցեին որոշակի էներգետիկ շանտաժ է իրականացվում», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ–ին, հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածով հունվարի 27-ից դադարեցվել է ռուսական նավթի տարանցումը դեպի Արևելյան Եվրոպա։
Պեսկովը նշել է, որ մատակարարման ապահովման հետ կապված հարցերը քննարկվում են կորպորատիվ մակարդակով: Մատակարարմանը մասնակցող ընկերությունները կապված են պայմանագրային պարտավորություններով: Նրա խոսքով` Ռուսաստանը կապ է պահպանում նավթը գնողների հետ, սակայն իրավիճակը բարդանում է ուկրաինական կողմի դիրքորոշմանն պատճառով: