ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ուսումնասիրում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը՝ ելույթ ունենալով Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում անցկացվող Ինտեգրացիոն ֆորումում։
«Ուսումնասիրվում է Թունիսի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը։ Վերջին խորհրդի ժամանակ (ԵՏՀ-ի- խմբ.) այդ մասին զեկուցվել է անդամներին, և հավանություն ենք ստացել, որ հետաքրքրություն են ներկայացնում նաև Պակիստանը, ՀԱՀ-ը, Զիմբաբվեն և Հորդանանը»,-ասել է նա։
Սագինտաևը հիշեցրել է, որ անցյալ տարի գործարկվել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը։ Վավերացման փուլում են գտնվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տնտեսական գործընկերության և Մոնղոլիայի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրերը։
«Անցյալ տարվա վերջին ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրվել Ինդոնեզիայի հետ։ Նաև անցյալ տարվա վերջին մենք սկսել ենք Հնդկաստանի հետ արտոնյալ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը»,-հավելել է նա։
Ի վերջո, ընդգծել է Սագինտաևը, այս բոլոր միջոցառումների շահառուները լինելու են ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանողները։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։