ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Դատարանը փոխեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը, որը ներկայացրել էին պաշտպանները։
Դատարանը որոշեց, որ այս փուլում այլընտրանքային խափանման միջոցների համակցումն ի զորու է ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծն ու նրանց նկատմամբ կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Մինչև տնային կալանքի ժամկետի ավարտը դատարանը հայր և որդի Ներսիսյաններին արգելեց շփում ունենալ վարույթին ներգրավված անձանց հետ և իրենց բնակության հասցեում հյուրընկալել անձանց` բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։ Դատարանը նաև արգելեց օգտվել հաղորդակցության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն տարածվում շտապօգնություն կանչելու, իրավապահ մարմիններին կամ փրկարար ծառայությանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմիններին դիմելու դեպքերի վրա։
Նշենք, որ նման որոշում դատարանն այսօր կայացրեց պաշտպանական կողմի՝ տեսագրություն-ապացույցները ներկայացնելուց հետո։ Տասնյակից ավելի տեսագրություններում այդպես էլ չերևացին Ոսկեհատ գյուղի համայնքապետարանի մոտ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտողներ, ավտոմեքենաների կուտակումներ, խուլիգանական վարքագիծ դրսևորողներ և այլն։
«Այս ամենից պարզ է, որ Գառնիկ Ղազարյանը (հաղորդում ներկայացրած անձ. խմբ․) կեղծ հաղորդում է ներկայացրել և իրականությանը չհամապատասխանող տվյալներ է հայտնել»,- ասաց պաշտպան Սմբատ Մինասյանը։
«Այստեղ գործ չկա, սա սարքած գործ է, էս մարդիկ անօրինական ազատազրկված են»,- գործընկերոջ խոսքը շարունակեց պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հանրային մեղադրողը շարունակում էր պնդել, թե ապացույցների ամբողջ ծավալը դեռ չի ուսումնասիրվել, վկաները լրացուցիչ պետք է հարցաքննվեն, ուստի խափանման միջոցի փոփոխության հիմք չկա, ու բարձր է մնում խոչընդոտելու ռիսկը։
«Իմ մոտ տպավորություն է, որ մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Մոզամբիկի քրեական դատավարության օրենսգրքով ենք առաջնորդվում»,- ասաց պաշտպան Սմբատ Մինասյանը։
Նրա խոսքով՝ եթե վկաներին պետք է լրացուցիչ հարցաքննել, այս իրավիճակը չի կարող օգտագործվել ի վնաս մեղադրյալների և նրանց կալանքի տակ պահելու արհեստական հիմքեր ստեղծելու համար։ Շեշտեց՝ այստեղ իրավունքի չարաշահում է տեսնում, քանի որ ձեռք բերված փաստական հանգամանքներն այնպիսին են, որ կարող են կիրառվել այլընտրանքային խափանման միջոցներ։
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ ժամը 17։00-ին։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։