ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո առաջացած փոսերից ասֆալտապատվել է մոտ 2100 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
«Ուրբաթ օրվանից բուն փոսալցման աշխատանքները սկսել ենք։ Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին կտրվել է մոտ 4500 քմ տարածք, ու արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ-ն։ Միաժամանակ հազարից ավելի տեղային լուծում է տրվել»,- ասաց Թևոսյանը։
Նա վստահեցրեց՝ բարդություններ չեն եղել, միայն մի փոքր խոչընդոտ է դարձել շաբաթ օրը տեղացած անձրևը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շատ վտանգավոր փոսեր էլ կան, ու դրանց պետք է առաջնահերթություն տրվի։ Մասնավորապես նա մատնանշեց Շիրակի փողոցը։ Թևոսյանը վստահեցրեց՝ հենց այդպես էլ արել ու անում են։
«Շիրակի փողոցում, իմ իմանալով, հրատապ լուծումներով աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Թևոսյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն էլ ասաց, որ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, և հավելեց` այսօրվանից այդ աշխատանքները նաև հենց թաղապետարանն էլ է իրականացնելու։
Ավինյանը դժգոհեց, որ ինքը 3-4 օր առաջ է հայտնել Շիրակի փողոցում առկա խնդիրների մասին, չի հասկանում, թե ինչու հենց նոր հիշեցին, որ պետք է աշխատանքներ կատարել այնտեղ։
Գաբրիելյանը նշեց, որ փորձել են փոսալցման աշխատանքներ անել, ուղղակի տեղումները խանգարել են։
Ավինյանը հանձնարարեց տեսալուսանկարահանել բոլոր աշխատանքներն ու հետո զեկուցել, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչ է արվել և որքան։