Ինչո՞ւ է ՀԾԿՀ–ն մերժել ՀԷՑ–ի ներդրումային ծրագիրը. Մեսրոպյանի բացատրությունը

Մեսրոպ Մեսրոպյան
Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ ՀԷՑ նախկին ղեկավարներն իր առաջ պայման էին դրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագիրը չի հաստատել շատ կոնկրետ պատճառով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա բացատրեց, թե ինչու չեն հաստատել ՀԷՑ–ի նախկին ղեկավարների կողմից 2025 թվականի համար 47 մլրդ դրամի ներդրումը։ Մեսրոպյանի խոսքով` ՀԷՑ–ի տարեկան ներդրումային ծրագրերը հաստատված է 10–ամյա ծրագրում` ըստ տարիների, որոնցից յուրաքանչյուրի համար ընկերությունը պետք է 37 մլրդ դրամի ներդրում աներ։
«Թվում է` ավելի ներդրում են անում ու մենք չպետք է մերժեինք, սակայն գոյություն ունեն ՀԾԿՀ սահմանած որակի ցուցանիշներ, որոնք ուղղակի կապված են անջատումների քանակի հետ` կլինի դա պլանային, թե վթարային անջատում։ Տարիներ շարունակ ՀԷՑ–ում ներդրումների զգալի հատվածն ուղղվել է նոր միացումների խնդիրը լուծելու համար, իսկ ենթակառուցվածքների կառուցման, վերանորոգման համար գումար քիչ է ներդրվել»,– նշեց Մեսրոպյանը։
Նրա խոսքով` հենց այս խնդիրրը լուծելու համար էին ՀԷՑ նախկին ղեկավարներն ուզում 2025 թ. այդ 10 մլրդ դրամ ավելի ներդրումն անել, սակայն պայմանով։
«Նրանք ՀԾԿՀ–ին առաջարկել էին պլանային այդ անջատումների քանակը, որ նոր ներդրումների արդյունքում կավելանա, չազդի հանձնաժողովի կողմից սահմանած որակի ցուցանիշների վրա։ Հանձնաժողովը դրա հետ չի համաձայնվել, քանի որ նախորդ տարիներին, երբ այդ պլանային անջատումները չեն կատարվել և համապատասխան ծավալի ներդրումներ չի կատարվել այդ ուղղությամբ, դրա հաշվին կարողացել են ապահովել որակի ցուցանիշներ։ Մինչդեռ հիմա, երբ այդ խնդիրը պետք է բերեին կարգավորման դաշտ, այդ առաջարկն արեցին, որի հետ մենք չհամաձայնեցինք։ Մերժման հիմքը դա է եղել»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։
Հիշեցնենք, որ «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուրմիլիոնավոր դոլարներ է ներդրել դրա արդիականացման համար։
2025 թ. հուլիսի 24-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել էր, որ Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել ներդրումային ծրագրի իրականացումը ՀԷՑ-ում՝ չնայած ժամանակավոր կառավարչի նշանակմանը։
2025-ի նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։