ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի կառավարության ձեռնարկված վերջին քայլը որակել են որպես ցեղասպանական քաղաքականության նոր փուլ։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը X սոցցանցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի գործողությունները «էքսպանսիոնիստական գծի շարունակությունն են»։
«Արևմտյան ափի նկատմամբ Նեթանյահուի կառավարության ձեռնարկված վերջին քայլը ցեղասպանական քաղաքականության նոր փուլ է», – գրել է Չելիքը։
Նրա խոսքով՝ օկուպացված տարածքի նկատմամբ Իսրայելի կառավարության պարտադրանքը «տարածական ցեղասպանություն» է։
Ինչպես նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը, Իսրայելը ընդլայնում է իր քաղաքականությունը օկուպացիայի, էքսպանսիայի և ապօրինի վերահսկողություն հաստատելու միջոցով։
Չելիքը կոչ է արել միջազգային հանրությանը հանդես գալ Թել Ավիվի այս քայլերի դեմ։ Որպես միակ լուծում նա կրկին նշել է Պաղեստինի ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը՝ 1967 թվականի սահմաններով աշխարհագրական ամբողջականությամբ և մայրաքաղաքով` Արևելյան Երուսաղեմում։