ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ։ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։
«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թվականի փետրվարի 12-ին որոշում է կայացրել բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարից 12-ից մտել է օրինական ուժի մեջ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվական սեպտեմբերին ՀՀ արդարադատության նախկին նախարարին մեղավոր ճանաչեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, բայց ազատեց քրեական պատասխանատվությունից:։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերին անփոփոխ թողեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։
Դատախազությունը, դատախազը վերաքննիչ բողոք ներկայացրին արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, իսկ պաշտպանները վերաքննիչ բողոքներ ներկայացրին՝ խնդրելով ճանաչել Հրայր Թովմասյանի անմեղությունը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 30-ին որոշեց մերժել բողոքները և դատավճիռը թողեց անփոփոխ։
ՀՀ գլխավոր դատախազը, մեղադրյալը և նրա պաշտպանը վճռաբեկ բողոքներ ներկայացրին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման դեմ: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է վարույթ ընդունել հենց այս բողոքները, ինչն էլ նշանակում է, որ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ։