Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից. Մեսրոպ Մեսրոպյան

ՀԾԿՀ նախագահի խոսքով` ատոմակայանում օգագործված միջուկային թափոնները ՀՀ–ն հետագայում հնարավորություն ունի բարձր գնով վաճառելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Տեղեկացնեմ նաև, որ անկախությունից հետո գործող ատոմակայանում տարիներ շարունակ կառուցել ենք սառը պահեստարան, և օգտագործված միջուկային վառելիքը մենք տեղափոխում ենք պահեստարան՝ պահպանման։ Մեզ քննադատում են, որ մեր երկիրը կեղտոտում ենք, թունավորում ենք, բայց դա սխալ մոտեցում է, որովհետև այդ օգտագործված միջուկային վառելիքն ապագայի վառելիք է նոր տիպի միջուկային կայանների համար»,– ասաց նա։

Մեսրոպյանի խոսքով՝ ՀՀ–ում ոչ թե միջուկային թափոն է, այլ ապագա թանկարժեք վառելիք։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն անգամ այն չօգտագործի` չունենալով համապատասխան տիպի ատոմակայան, ապա բավականին բարձր գնով կարող է վաճառել այլ երկրների։
Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանը 2026 թվականին պետք է պլանային վերանորոգման կանգնի 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։
Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Հիմնադրվել է 1969 թվականին, սկսել է գործել 1976–ին։