ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Երևանում ձնամաքրման աշխատանքներից հետո փողոցներում և մայթերին մնացած ավազի մաքրման գործընթացը կավարտվի առաջիկա 1 շաբաթում։ «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը խնդիր է տեսնում այդ աշխատանքները կատարելու գործընթացում, նկատել է, որ կույտերով ավազ է հավաքվում, ու չի հաշվարկվում, որ գուցե տեղումներ լինեն։ Ավինյանն ընդգծեց՝ այդ կույտերն անմիջապես պետք է հավաքվեն։
«Այս պահին ինտենսիվորեն շարունակվում են ավազի մաքրման աշխատանքները։ Ուղղակի տեղումների ժամանակ որոշակիորեն բարդություն է առաջանում։ Կդժվարանամ տոկոս ասել, թե որքան մասն ենք քաղաքի մաքրել, բայց բարենպաստ պայմաններ լինելու դեպքում մենք 1 շաբաթում ամեն ինչ կավարտենք»,- վստահեցրեց Կատվալյանը։
Հիշեցնենք` փետրվարի 9-ին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ ձյան ժամանակ աղ-ավազով աշխատանքներ անելու պատճառով խնդիրներ են առաջացել. փողոցներում մեծ քանակությամբ աղ և ավազ կա, ինչը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում մաքրել, որպեսզի փոսալցման հետ կապված նաև մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։