ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի հայտնի տեսագրությունների բովանդակության հետ, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Փորձագետները, նշում է Բաբայանը, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
«Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,-նշված է գրառման մեջ։
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։