ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի համար համաձայնագրի ընդունելի պարամետրեր գտնելը դեռևս դժվար է, բայց կողմերն արդեն որոշակի առաջընթաց են գրանցել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
«Ես կասեի, որ դժվար է հասնել դրան (Ռուսաստանի և Ուկրաինայի համար կարգավորման ընդունելի պայմաններին. խմբ.)», – ասել է նա համաժողովի մասնակիցներին:
Այդուհանդերձ, Ռուբիոյի խոսքով, բանակցությունների փուլերի շնորհիվ արդեն հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման ճանապարհին։
ԱՄՆ-ն կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պետք է լինի արդար և կայուն: Ինչպես նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման այնպիսի պայմանների հասնելու ուղղությամբ, որոնք կբավարարեն և՛ Մոսկվային, և՛ Կիևին:
Միևնույն ժամանակ, ինչպես խոստովանել է Ռուբիոն, մնացած վիճելի հարցերը ամենաբարդ խնդիրներն են, դրանց շուրջ աշխատանքը շարունակվում է:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպման մասնակիցների կազմը կարող է տարբերվել նախորդից:
Փետրվարի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ը Ժնևում:
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։