Հայաստանյան բիզնեսը զրկվել է կրիպտոշուկայից եկամուտ ստանալու հնարավորությունից. փորձագետ

Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում Հայաստանում շրջանառվող կրիպտոակտիվների ծագմանը հետևելու համար։ Կրիպտոինդուստրիայի ընկերությունները կարծում են, որ դա կարող է իրենց զրկել ռուսաստանցիների և իրանցիների հետ գործարքներից ստացվող եկամուտներից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Հայաստանի իշխանությունները բլոկչեյնի և կրիպտոակտիվների ոլորտում տեղական բիզնեսին զրկել են 4 տրլն դոլար գնահատվող կրիպտոարժույթների համաշխարհային շուկան սպասարկելու հնարավորությունից: Նման կարծիք է հայտնել «Web3 Armenia» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը Երևանում Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) ամենամյա համագումարի շրջանակում՝ մեկնաբանելով կրիպտոակտիվների մասին օրենսդրությունը, որը մշակել է Կենտրոնական բանկը. այն անցյալ տարվա վերջին ընդունվել է խորհրդարանի կողմից։
Բլոկչեյն-տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները (որոնց շահերը ներկայացնում է «Web3 Armenia» հիմնադրամը) դժգոհ են, որ Հայաստանում կրիպտոակտիվների հետ բոլոր գործարքներն այժմ պետք է իրականացվեն բանկերի միջոցով (չունենալով բանկային հաշիվ և հաշվետվություն չներկայացնելով միջոցների ծագման մասին, հնարավոր չի լինի որևէ գործարք կատարել կրիպտոարժույթով):
Նման պահանջներ են սահմանվել՝ հետևելու միջոցների ծագմանը ու կանխելու փողերի լվացումը և այլ ֆինանսական հանցագործությունները։
Աշխատելու կանոնների բարդությունը դժվարացնում է Իրանի և Ռուսաստանի քաղաքացիների վճարումների սպասարկումը: Հարությունյանի խոսքով, հաշվի առնելով այդ երկու երկրների հաճախորդների մեծ բազան, զգալի կլինեն նաև կորուստները հայկական բիզնեսի համար։
Նա համաձայն չէ փաստարկների հետ, թե երկրի իշխանությունները չէին կարող թվային ակտիվների շուկան թողնել չափազանց ազատ (հակառակ դեպքում Հայաստանը կհամարվեր «գորշ» ֆինանսական գոտի և կբախվեր միջազգային պատժամիջոցների վտանգի հետ):
Բերվում է հակառակ օրինակը. Սալվադորը, որը, ինչպես և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներ, գտնվում է Միացյալ Նահանգների ուժեղ ազդեցության ներքո, և, այնուամենայնիվ, կարողացել է հաստատել կրիպտոարժույթի ազատ շրջանառությունը, այդ թվում պատժամիջոցների ներքո գտնվող քաղաքացիների համար: Դրա շնորհիվ էլ, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, այդ երկիրը հետաքրքիր է դարձել Web3-ինդուստրիայի միջազգային ընկերությունների համար, որոնք սկսել են այնտեղ գրասենյակներ բացել։
Հնարավոր էր գնալ նվազ արմատական ճանապարհով, ինչպես արեցին Շվեյցարիան, ԱՄԷ -ն կամ Սինգապուրը՝ թույլատրելով կրիպտոարժույթով գործարքներ, բայցևայնպես իրականացնելով ստուգումներ, և նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել, այդ թվում՝ փաստը կատարվելուց հետո (եթե ապագայում պարզվի, որ փողի ծագումը անօրինական է):
«Այդ երկրներում ասում են՝ «այստեղ բերեք կրիպտոարժույթ, իսկ թե դուք ով եք՝ դա հետո կստուգենք»: Մենք էլ կարող էինք գնալ այդ ճանապարհով՝ ստանալով համապատասխան օգուտներ», -ընդգծել է «Web3 Armenia» հիմնադրամի համահիմնադիրը։
Հայաստանում «Կրիպտոակտիվների մասին» օրենքը կազմվել է ԵՄ-ի «Markets Crypto-Assets Regulation» (MiCA) կանոնակարգի օրինակով: Ընդ որում, համեմատելով նշված փաստաթղթի հետ, այստեղ սահմանվել են նույնիսկ ավելի խիստ պահանջներ, որոնք վերաբերում են կրիպտոարժույթի կանխիկացմանը։
Մինչև 2026 թվականի հուլիսը ոլորտի ընկերություններին կթույլատրվի նման գործարքներ իրականացնել, սակայն մեկ գործարքի գումարը չպետք է գերազանցի 300 հազար դրամը (մոտ 780 դոլար), իսկ վաճառողը պարտավոր է նույնականացնել հաճախորդին և արձանագրել բոլոր այն գործարքները, որոնց դիտարկումն իրականացնելու է ՀՀ Կենտրոնական բանկը՝ գործարքներում ներգրավված միջոցների ծագումը ստուգելու համար: