Ալիևը հայ գերիներին անվանում է «նացիստ», ՀՀ–ն խոսում է «խաղաղության» մասին. Թանդիլյան

Ընդդիմադիր գործչի խոսքով` Ալիևը, հայ գերիներին նացիստ անվանելով, քողարկում է Արցախի դեմ կատարված հանցագործությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հայտարարությունից հետո քննադատել է Հայաստանի իշխանությանը։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում Արցախի գերեվարված առաջնորդներին և Բաքվի բանտում գտնվող մյուս հայերին համեմատել է նացիստների հետ:
Թանդիլյանն ընդգծել է` հայ գերիները նացիստ չեն, նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, որոնք ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։
«Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները»,– գրել է նա։
Թանդիլյանը շեշտել է, որ Բաքվի բանտերում պահվող հայերը որևէ մեկի երկիր չեն ներխուժել ու օկուպացրել, այլ ժողովուրդների չեն ոչնչացրել։
«Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։ Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում»,– նշել է Թանդիլյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով` ցավալին Հայաստանի իշխանության լռություն է։
«Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ», իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է»,– նշել է նա։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։